Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում


«Համավարակը խորացնում է գոյություն ունեցող անհավասարությունները»
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»
ծրագրի շրջանակում:
Տեղեկագրի այս համարն անդրադառնում է կանանց վրա COVID-19 համավարակի ազդեցության առանձնահատկություններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի բնորոշմամբ՝ համավարակն ազդում է բոլորի վրա և ամենուր, սակայն այն մարդկանց տարբեր խմբերի վրա ազդում է տարբեր կերպ՝ խորացնելով առկա անհավասարությունները և բացահայտելով սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգերի խոցելի տեղերը: Նախնական վերլուծությունները փաստում են, որ COVID-19-ը սոցիալ-տնտեսական բնույթի ավերիչ ազդեցություն է ունենում հատկապես կանանց վրա, ինչպես նաև բացասաբար է ազդում այն առաջընթացի վրա, որը մինչ այժմ արձանագրվել էր գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս առումով կարևոր է, որ կառավարությունների արձագանքները համավարակին ի սկզբանե հաշվի առնեն այն անհամաչափ ազդեցությունները, որոնք դրանք ունենում են կանանց ու տղամարդկանց վրա: Իսկ այն հանգամանքը, որ ողջ աշխարհում կանայք՝ մեծամասնություն կազմելով առողջապահության, կրթության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում և կարևոր դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, միայն հաստատում է, որ համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ցանկացած միջոցառում պետք է ներառի գենդերային զգայուն մոտեցումներ:
«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի այն իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները: Ինչպես նաև, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվի նոր գործիքակազմ, որը կնպաստի աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:

Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան

Made on
Tilda